National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
19.03.2015
Ազգային ժողովում աշխատանքն է սկսել Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը
1 / 6

Մարտի 19-ին խորհրդարանում մեկնարկել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը՝ ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահներ Սամվել Ֆարմանյանի եւ Սաջադ Քարիմի նախագահությամբ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Հարգելի համանախագահներ,

Հարգելի գործընկերներ,

Ողջունում եմ ձեզ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը Երեւանում անցկացնելու կապակցությամբ: Մենք այս շաբաթ առիթ ունեցանք աշխատելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում բազմակողմ ձեւաչափում, որն ինչպես արդեն նշել եմ Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության միջեւ համագործակցության ընդլայնման կարեւոր հարթակ է: Այսօր կրկին հաճելի առիթ ունեմ ողջունելու ձեզ մեկ այլ՝ միջխորհրդարանական համագործակցության երկկողմ ձեւաչափում:

Կուզենայի խորհրդարանական այս ամբիոնից եւս մեկ անգամ նշել, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից, քանի որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա եւ համաեվրոպական արժեքների տարածումը այս համագործակցության առանցքն է:

Կուզենայի եւս մեկ անգամ հատուկ ընդգծել այս տարիների ընթացքում Եվրոպական միության կառույցների հետ ունեցած սերտ համագործակցությունը, որի արդյունքում մեծ աջակցություն է ցուցաբերվել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոնք ուղղված էին Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախության ապահովմանը, լավ կառավարմանը եւ այլն: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը այսուհետ նույնպես կշարունակվի:

Տիկնայք եւ պարոնայք,

Այս տարի հայ ժողովուրդը եւ քաղաքակիրթ ողջ աշխարհը ոգեկոչում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Պետք է առանձնահատուկ նշեմ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում Եվրոպական խորհրդարանի դերը, որը համաեվրոպական կառույցներից առաջինն էր, որ 1987 թվականի իր բանաձեւով դատապարտեց Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ կատարված ոճրագործությունը` կոչ անելով Թուրքիայի կառավարությանը ճանաչել այն: Երկու օր առաջ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, որով հարգանքի տուրք մատուցվեց մարդկության դեմ իրականացված բոլոր հանցագործությունների նահատակների հիշատակին: Մեր համատեղ փաստաթուղթը կարեւոր ներդրում է ցեղասպանությունների ճանաչմանը, դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղված քաղաքակիրթ աշխարհի պայքարում:

Կրկին ողջունելով ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի անցկացման կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ կառուցողական քննարկումներ եւ արդյունավետ աշխատանք»:

Հանձնաժողովի անդամներին ողջունել են նաեւ համանախագահներ Սամվել Ֆարմանյանը եւ Սաջադ Քարիմը:

Սամվել Ֆարմանյանի գնահատմամբ՝ հանդիպումների նման ձեւաչափն առանձնահատուկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս բոլոր խնդիրները բաց եւ անկաշկանդ մթնոլորտում քննարկել: Նա ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ հիմքում ունենալով ընդհանուր արժեհամակարգը եւ բացառիկ այն ճշմարտությունը, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության անքակտելի մասն է: Պարոն Ֆարմանյանը հավաստիացրել է, որ Հայաստանը միջխորհրդարանական ձեւաչափով նման հանդիպումները երբեք չի ծառայեցրել եւ չի ծառայեցնելու ազգամիջյան թշնամանք հրահրելուն եւ հակաադրբեջանական բանաձեւերի ընդունմանը: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ բանախոսը կարեւորել է խնդրի խաղաղ կարգավորումը, ինչը, նրա գնահատմամբ, այլընտրանք չունի: Սամվել Ֆարմանյանը ողջունել է Եվրախորհրդարանի պատգամավորների՝ Արեւելյան գործընկերության քաղաքականության որոշակի վերանայման արդյունքում գործընկեր երկրների հետ ավելի տարբերակված մոտեցում կիրառելու քայլը:

Ողջունելով ներկաներին՝ ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահ Սաջադ Քարիմն իր խոսքում հույս է հայտնել, որ նիստի ընթացքում կծավալվի կառուցողական երկխոսություն եւ քննարկման ենթակա տեքստի նախագիծը դրական արդյունք կունենա: Հարավային Կովկասը շատ կարեւոր տարածաշրջան է Եվրոպական միության համար եւ Եվրոպական խորհրդարանը մտադիր է քաղաքական կապիտալ ներդնել հանուն երկկողմ հարաբերությունների զարգացման, այդ թվում նաեւ Հայաստանի հետ երկկողմ ձեւաչափով:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա վիճակի մասին իր ելույթում ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարեւորում է համագործակցության խորհրդարանական ձեւաչափը եւ երկխոսությունը Եվրոպական միության հետ: Նշվել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը շատ արժեքավոր է տարածաշրջանային խաղաղության եւ զարգացման հարցում: Ըստ փոխնախարարի՝ Հայաստանը պատրաստակամ է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ նպատակ հետապնդելով շարունակել ժողովրդավարական հաստատությունների եւ դատական համակարգի բարեփոխումները, պաշտպանելով մարդու իրավունքները եւ պայքարելով կոռուպցիայի դեմ: Հայաստանը եւ Եվրամիությունը համաձայնեցրել են իրենց հարաբերությունների նոր իրավական հիմքը ձեւավորելու անհրաժեշտությունը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի թարմացումը: Խոսելով շարժունակության ոլորտում համագործակցության հաջորդ փուլից՝ պարոն Նազարյանը կարեւորել է Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճամփորդելու ռեժիմի ապահովումը: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից՝ փոխնախարարը հիշեցրել է, որ օրեր առաջ Եվրոպական խորհրդարանն ամենամյա զեկույց է ընդունել մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ, որում կոչ է արվում բոլոր անդամ-պետություններին Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին ճանաչել եւ շարունակել նպաստել Ցեղասպանության ճանաչմանը: Փոխնախարարը նաեւ վստահեցրել է, որ Հայաստան-ԵՄ ԽՀՀ-ը կարեւոր դեր ունի երկկողմ հարաբերությունների խորացման գործում:

Թեմայի շրջանակներում Եվրոպական միության անունից խոսել է ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության վարչության պետի տեղակալ Ադրիանո Մարտինսը: Խոսելով ԵՄ-Հայաստան համագործակցությունից՝ նշվել է, որ այն շարունակվում է գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի հիման վրա եւ ԵՄ-ն, ցանկանալով այն խորացնել, փորձում է գտնել համատեղ ոլորտներ եւ հետաքրքրություններ: ԵՄ-ը շարունակելու է համագործակցությունը տնտեսական զարգացման, էներգետիկայի, միգրացիայի, շարժունակության, անվտանգության, բարեխիղճ կառավարման բնագավառներում եւ փորձելու է ավելի հասցեական եւ արդյունավետ դարձնել իր քաղաքականությունը: Ադրիանո Մարտինսը շեշտել է, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության հիմնարար սկզբունքները, ամենայն հավանականությամբ, կմնան անփոփոխ: ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ Եվրոպական միությունը նախկինի պես Հայաստանի արտաքին առեւտրի խոշորագույն գործընկերն է: 2014 թ.ի վիճակագրական տվյալներով Եվրոպական միությանն է բաժին ընկնում Հայաստանի արտաքին առեւտրի կամ Հայաստանից արտահանումների 29 տոկոսը եւ դեպի Հայաստան ներմուծումների 24 տոկոսը:

Սամվել Ֆարմանյանն առաջարկել է հաստատել նիստի օրակարգը եւ 2014 թվականի փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստի արձանագրությունները: Առաջարկներն ընդունվել են:

«Քաղաքական զարգացումները եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նա անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման գործընթացի մեկնարկին եւ փուլերին, կատարված աշխատանքին, ինչպես նաեւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումից հետո ԵՄ-ի հետ համագործակցության մակարդակին: Պարոն Պողոսյանի համոզմամբ՝ կարեւորը քաղաքական զարգացման շրջանակում բարեփոխումների արդյունավետ իրականացումն է: Խոսելով Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների գործընթացից՝ նա հույս է հայտնել, որ այդ բարեփոխումները միտված կլինեն մարդու իրավունքների պաշտպանությանը եւ արդարադատության ոլորտի խնդիրների լուծմանը:

«Հայաստանի նկատմամբ ԵՄ առեւտրային քաղաքականության գնահատում. տեսակետների փոխանակում արտոնությունների ընդհանուր համակարգի եւ առաջընթացի ցուցանիշների վերաբերյալ /GSP+/, տնտեսական իրավիճակը Հայաստանում, տնտեսական համագործակցության հեռանկարները» զեկույցի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Նրա խոսքով՝ ՀՀ-ն եւ ԵՄ-ն մի շարք համաձայնագրեր են ստորագրել եւ համագործակցում են տարբեր ծրագրերի շրջանակներում, որոնք նպաստում են նաեւ ՀՀ տնտեսության զարգացմանը: Պարոն Վարդապետյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է ողջամիտ մակրոտնտեսական քաղաքականություն վարել եւ իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ՝ օգտվելով կայուն զարգացման եւ լավ կառավարման խթանման հատուկ մեխանիզմներից՝ Ընդհանուր սակագնային արտոնությունների ԵՄ համակարգի շրջանակներում: Նա կարեւորել է նաեւ այն հանգամանքը, որ լինելով արդեն ԵՏՄ անդամ՝ Հայաստանը կարող է լրացուցիչ գրավչություն ստանալ եվրոպացի ներդրողների համար: Պատգամավորը նշել է, որ Հայաստանն եվրոպացի գործընկերներին առաջարկում է գործարարության լիբերալ եւ գրավիչ պայմաններ, նորաստեղծ ազատ տնտեսական գոտիներ, բիզնեսին աջակցելու նպատակով կիրառվող զանազան տնտեսական գործիքներ, որակյալ, կրթված, տնտեսապես շահավետ աշխատուժ:

Եվրոպական միության հետ ոլորտային համագործակցության ընդլայնման վերաբերյալ խոսել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նա նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Արեւելյան գործընկերության բազմակողմ համագործակցության ձեւաչափում՝ մասնակցելով այդ շրջանակում ժողովրդավարության, արդյունավետ կառավարման, կայունության, էներգետիկ անվտանգության, մարդկանց միջեւ շփումների հարցերին նվիրված հանդիպումներին: Տիկին Եսայանը ներկայացրել է տարբեր բնագավառներում ԵՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու նպատակով իրականացվող ծրագրերն ու միջոցառումները:

Խորհրդարանականները ներկայացրել են իրենց գնահատականները եւ պատկերացումները թե կատարված եւ թե կատարվելիք քայլերի մասին:

Մարտի 20-ին խորհրդարանում կշարունակվի հանձնաժողովի նիստի աշխատանքը:


21.05.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է NDI-ի երիտասարդների հետ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մայիսի 21-ին հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցների հետ: Ռուստամ Բաքոյանը հյուրերին ներկայացրել է հանձնաժողովի...

21.05.2024
Խորհրդարանը քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը: Մայիսի 21-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Վճռաբեկ դատարանի նա...

21.05.2024
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հանրային ծառայության մասին» եւ կից օրենքներում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 21-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջինից ե...

21.05.2024
ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Մայիսի 22-ին՝ ժամը 13:30-ին, 414 սրահում նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:...

21.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում ...

21.05.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանը մայիսի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ: «Հանրային ծառայության մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակա...

21.05.2024
Գործադիրը նոր կարգավորում է առաջարկում «Հանրակրթության մասին» օրենքում
«Հանրակրթության ծրագրի» շրջանակում իրականացվող միջոցառումների համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվում են համապատասխան միջոցներ: Նկատի ունենալով այդ հանգամանքը` պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունն ապահովելու, ինչպես նաեւ լրացուցիչ ծախսերի նախատեսումից խուսափելու նպատակով առաջար...

21.05.2024
Կսահմանվեն քաղաքացու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք
Օրենքի նախագծով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց  ստացումը հաստատող փաստաթղթերի ու հանգամանքների շրջանակը. աս...

21.05.2024
Նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք
Նախագծով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Կորպորատիվ կառավարման կանոնագիրքն այն ստանդարտն է, որը պետությունն առաջարկում է իր մասնավոր հատվածին որպես ուղեցույց: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկա...

21.05.2024
Խորհրդարանը սկսել է նիստերի աշխատանքը. քննարկվել է համայնքի ավագանու անդամի կողմից հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքին վերաբերող փաթեթը
Ազգային ժողովը մայիսի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am